Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Բելառուս այցի նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթանում են, Belta-ին ասել է Բելառուսում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշը։
«Մենք պատրաստվում ենք Սլովակիայի վարչապետի՝ Բելառուս այցին։ Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, որ Սլովակիայից Բելառուս կայանալու է նման բարձր մակարդակի այց։ Ես անմիջականորեն մասնակցում եմ նման կարևոր այցի նախապատրաստական աշխատանքներին»,- ընդգծել է դեսպանը։
Միևնույն ժամանակ, Յոզեֆ Միգաշը նշել է, որ այցի ամսաթիվը դեռևս անհայտ է։
«Այն կորոշվի մեր երկու երկրի արտգործնախարարությունների մակարդակով. այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն, որից հետո կորոշվի ամսաթիվը»,- նշել է դեսպանը։
«Առաջին հերթին, լավ նախապատրաստությունն այցի հաջողության գրավականն է»,- շեշտել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Յոզեֆ Միգաշը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահը ելույթում մանրամասն կանդրադառնա միջազգային հարաբերությունների թեմային, մասնավորապես՝ բելառուսա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։
«Ես հետաքրքրված եմ բելառուսա-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշմամբ և նրանով, թե ինչ կասի նա դրա մասին։ Ինչ կոնկրետ քաղաքականություն կվարի նա առաջիկայում։ Ինձ համար շատ կարևոր է նրա ելույթն ամբիոնից լսելը, ինչ կասի նա ամերիկյան կողմի հետ բանակցությունների և՝ ապագայի նրա տեսլականի մասին։ Սա վերաբերում է ոչ միայն Բելառուսին, այլև միջազգային հարաբերություններին ընդհանրապես»,- նշել է Բելառուսում Սլովակիայի դեսպանը։





























