Վերջին մեկ շաբաթում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային մարմինների ազատազրկման վայրերում մահացել է չորս ներգաղթյալ, իսկ մահերի թիվը 2025թ. հասել է քսանամյա առավելագույնին, տեղեկացրել է Reuters-ը։
Չորս ձերբակալվածներ Հաիթիից, Նիկարագուայից, Էրիթրեայից եւ Բուլղարիայից, մահացել են դեկտեմբերի 12-15-ին, նշվել է ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանության (ICE) ծանուցումներում։
Թեեւ այդ միջադեպերի հետաքննությունը շարունակվում է, ICE-ը տեղեկացրել է, որ նրանցից երկուսի համար կանչվել է անհապաղ շտապօգնություն, իսկ մահվան երկու դեպքերը, ինչպես կարծում են, առաջացել են բնական պատճառներից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է ԱՄՆ-ում գտնվող անլեգալ ներգաղթյալների զանգվածային արտաքսման մասին։
Արտաքսման դեպքերի թիվն ավելացնելու համար նրա վարչակազմը ավելացրել է ICE-ում կալանքի տակ պահելու վայրերը՝ հասցնելով ռեկորդային մակարդակի․ նոյեմբերի վերջի դրությամբ ձերբակալվել է մոտ 66 հազար մարդ։ Գործակալության տեղեկացմամբ՝ այս տարի ICE ազատազրկման վայրերում մահացել է առնվազն 30 մարդ։
ICE վիճակագրության համաձայն՝ 2025թ․ մահերի ընդհանուր թիվը ամենաբարձրն է 2024-ից ի վեր։
«ICE-ը նախկինի պես հավատարիմ է այն սկզբունքին, որ ապահովի անվտանգ եւ մարդասիրական պայմաններ կալանքի տակ գտնվող անձանց համար»,- նշվել է գործակալության հայտարարությունում, որում տեղեկացվել է վերջին մահերից մեկի մասին։ Դեմոկրատները հինգշաբթի քննադատել են մահվան դեպքերը ազատազրկման վայրերում՝ մեղադրելով Թրամփի վարչակազմին։





























