Պորտուգալիան պատրաստ է քննարկել իր զինվորական անձնակազմի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում՝ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ապագա խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, երբ այն կնքվի։ Այս մասին շաբաթ օրը Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Մոնտենեգրուն հայտնել է, որ Պորտուգալիան հավատարիմ է ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը Ուկրաինայում զորքերի տեղակայման հարցում։
«Մենք չենք ցանկանում այստեղ լինել պատերազմի ժամանակ, բայց Պորտուգալիան մասնակցում է եւ կմասնակցի խաղաղապահ գործողություններին՝ որպես ցանկացողների կոալիցիայի մաս։ Եվ խաղաղապահ առաքելության համատեքստում, ՆԱՏՕ անվտանգության երաշխիքների համատեքստում, ՆԱՏՕ-ն, պորտուգալական զորքերի հետ միասին, կարող է իր ուժերը տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Օրինակ՝ Լատվիայի եւ Լիտվայի հետ միասին մենք կարող ենք մասնակցել խաղաղապահ առաքելություններին եւ ապահովել անվտանգությունը», ասել է Պորտուգալիայի վարչապետը։
Նա ընդգծել է, որ Պորտուգալիան միշտ կաջակցի եւ կմասնակցի անվտանգության առաքելություններին։
«Դա դեռեւս նախատեսված չէ, բայց երբ այս հարցը քննարկվի, Պորտուգալիան կկարողանա մասնակցել»,- ավելացրել է նա։
Դեկտեմբերի 15-ին, երկուշաբթի օրը, Բեռլինում կայացած եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ առաջարկվել է ստեղծել անվտանգության ուժեր՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարն ապահովելու համար։





























