Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը համարում է նրա անվտանգության երաշխիք, իսկ այդ գործընթացի արգելակումը կապում է Հունգարիայում ընտրարշավի հետ։ Այս մասին նա ասել է շաբաթ օրը լրագրողների հետ առցանց հաղորդակցության ժամանակ, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցությունը համարում է  անվտանգության երաշխիք, եւ այս կարծիքին են նաեւ եվրոպական շատ առաջնորդներ։

«Օրբանը հստակ հասկանում է, որ դա մեզ համար անվտանգության երաշխիք է։ Բայց նրա համար ԵՄ-ին մեր անդամակցությունը այսօրվա դրությամբ, ես կարծում եմ, այնուամենայնիվ, ընտրապայքար է, ընտրական գործընթաց, ես կարծում եմ, որ նա առաջին հերթին մտածում է իր մասին»,- ասել է Զելենսկին։

«Այսպես մեկը մտածում է իր մասին, բայց տառապում է մի ողջ ազգ։ Չնայած, ես կասեի, առնվազն երկու ազգ, որովհետեւ  այդ պատճառով չի ամրապնդվում բարեկամությունը Ուկրաինայի եւ Հունգարիայի միջեւ, ուկրաինացիների եւ հունգարացիների միջեւ»,- ավելացրել է նա։

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ «ամեն բան կանցնի, սա էլ, անկասկած, կանցնի»։

«Ամեն բան կարգին կլինի, եւ մեր ուղին ոչ ոք կանգնեցնել չի կարող, որովհետեւ ուկրաինացիները որոշում ունեն։ Առաջ ենք շարժվում»,- ասել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը դիտարկում է որպես անվտանգության երաշխիքներից մեկը, «որը շատ կարեւոր է»։