Ոստիկանությունն արգելել է բողոքի ակցիաների մասնակիցներին երթեր անցկացնել Թբիլիսիում դեկտեմբերի 21-31-ը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով ՆԳՆ-ին։

«2025թ․ դեկտեմբերի 21-31-ը կայանալիք հավաքի մասնակիցները դրան պետք է մասնակցեն այնպես, որ չսպառնան հասարակական անվտանգությանը եւ կարգին, պետական ​​մարմինների, ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների բնականոն գործունեությանը, տրանսպորտային միջոցների կամ մարդկանց անարգել տեղաշարժին կամ մարդու այլ իրավունքներին ու ազատություններին»,- նշվել է հայտարարության մեջ։

Այս օրերին ցուցարարներին հանձնարարվում է հավաքվել Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ եւ հարակից տարածքում գտնվող աստիճաններին եւ դա անել այնպես, որ «չխոչընդոտի քաղաքացիների տեղաշարժին մայթով կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժին ճանապարհին»։

Կարգադրությունը հավաքի կազմակերպիչներից մեկի՝ Կախա Ցիկարիշվիլու հարցման պատասխանն է։ Հավաքների անցկացման կանոնների վերջին խստացումից հետո ոստիկանության թույլտվությունը պարտադիր է դարձել։

ՆԳՆ-ն իրավունք ունի փոխել հանրահավաքի վայրը կամ երթուղին, եթե համարի, որ միջոցառումը սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգին, պետական ​​մարմինների աշխատանքին, երթեւեկությանը կամ այլ քաղաքացիներին։ Ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու դեպքում մասնակիցների համար կարող է կիրառվել մինչեւ 15 օր, իսկ կազմակերպիչների համար՝ մինչեւ 20 օր վարչական կալանք։ Կրկնակի խախտման դեպքում արդեն նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ մինչեւ մեկ տարի ազատազրկում։