Հարավային Կորեան և Ռուսաստանը վերջերս Մոսկվայում դռնփակ բանակցություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և տարածաշրջանային անվտանգության այլ հրատապ հարցերի շուրջ. հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցը, որը զբաղվում է Հյուսիսային Կորեայի միջուկային հարցերով, վերջերս այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի հարցով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Օլեգ Բուրմիստրովի և այլ համապատասխան պաշտոնյաների հետ։

Հարավկորեացի պաշտոնյան, ըստ ամենայնի, խնդրել է Ռուսաստանին կառուցողական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման գործում, քանի որ Սեուլը հույս ունի հաջորդ տարի վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ և ջանքեր է գործադրում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Հաշվի առնելով Ռուսաստանի սերտ կապերը Հյուսիսային Կորեայի հետ՝ Հարավային Կորեան, հավանաբար, կարծում է, որ Մոսկվան կարող է վճռորոշ դեր խաղալ Փհենյանի՝ երկխոսությանը վերադառնալու հարցում. գրում է լրատվամիջոցը։

Ինչպես ենթադրում է լրատվական գործակալությունը, Հարավային Կորեան կարող էր նաև օգտվել վերջին հանդիպումից՝ իր մտահոգությունը հայտնելու Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչը Սեուլը դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք Կորեական թերակղզու անվտանգությանը։