Այսօր դեկտեմբերի 21-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման շարժման անդամները այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Բաշինջաղյան 198/92, Բաշինջաղյան 168/2 և Սիլիկյան Հ\Ա-րդ հատված 16 հասցեում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ:
Բացման արարողությունների ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է շարժման անելիքներից ու պատկերացումներից, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։
«Մեզ պետք է մի բան՝ միասնություն։ Ո՞նց կարող են մեզ հաղթել։ Բաժանելով իրարից։ Էջմիածնում էինք երեք օր առաջ, գիտ՞եք՝ ոնց էր բաժանված։ Մեջտեղում ոստիկաններն էին, հարցնում էին ամեն մարդու, դու եկեղեցո՞ւն ես պաշտպանում, թե՞` նիկոլական ես։ Հենց այդպես էլ հարցնում էին։ Ասում էիր՝ եկեղեցուն եմ պաշտպանում, ասում էին՝ աջ, ասում էիր նիկոլական եմ՝ ասում էին՝ ձախ»,- Աջափնյակ համայնքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակի բացմանն ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Բայց հայ են էլի բոլորը, կարող է՝ ես այստեղ լինեի, դիմացս մեկ այլ Նարեկ Կարապետյան այնտեղ լիներ։ Հայ էին բոլորը, ի՞նչ նիկոլական։ Բոլորն էլ պետք է եկեղեցուն պաշտպանեն, ինչ օրի ենք հասել, որ մեր միջև պետք է ոստիկան լինի։ Սա սարքած ճանապարհ է, որովհետև բոլորը գիտեն, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, մենք ավելի հարուստ ենք դառնում, որովհետև տարածաշրջանի բոլոր երկրներից ամենագործունյա ազգը մեր ազգն է»,- շեշտել է Կարապետյանը։





























