«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի հստակեցրել, թե ով է լինելու իր շտաբի պետն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց. «Չէր էլ կարող շտաբի պետ ընտրել, քանի որ դեռ քննարկում չի եղել այդ հարցով, շտաբի հետ կապված աշխատանքների, համամասնական ընտրացուցակի վերաբերյալ: Դրա համար դեռ ժամանակ կա, կա նաեւ համագումար, որը որոշակի առումով կարող է ցուցակի հետ կապված հարցերին պատասխանել»:
Ըստ Մարտիրոսյանի, երբ օրենքով սահմանված ժամանակը կգա, կուսակցության վարչությունը կկայացնի որոշում եւ «ըստ այդմ կշարժվեն»: Դիտարկմանը, թե խորհրդարանական մյուս ուժերն արդեն շտաբի պետեր են նշանակել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա իրենց մարտավարությունն է: Եւ եթե իրենք նպատակահարմար են գտել որոշակի առումով շտաբի ղեկավարի անձը որոշել, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ընդամենը շտաբի պետի անձն է որոշված, բայց աշխատանք, կարծես թե, չի տարվել դեռ»:
Հարցին, թե չի՞ կարծում, որ կարճ ժամանակ է մնացել մինչեւ ընտրությունները, կհասցնե՞ն արդյոք բոլոր գործերը հասցնել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ օրենքով սահմանված ժամկետը բավական է, որ շտաբային աշխատանք իրականացվի եւ չենք տեսնում անհրաժեշտություն շուտ սկսելու:
Պատգամավորը նաեւ նշեց, որ մարտի 2-ին կայանալիք համագումարում կպարզվի «Ազատ դեմոկրատների» հետ մեկ ցուցակով գնալու հարցը:
Նշենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի շտաբը` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՕԵԿ-ի շտաբը` Հեղինե Բիշարյանը, իսկ ՀՅԴ շտաբը` պատգամավոր Միքայել Մանուկյանը:




























