ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կապվել է ամերիկյան նոր դասի գծանավերի հետ, որոնք կունենան միջուկային հնարավորություններ, հաղորդում է NBC News-ը։
Ելույթ ունենալով Թրամփի Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում անցկացված միջոցառման ժամանակ ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը ռազմանավերը անվանել է «Թրամփ դասի գծանավեր» և ընդգծել, որ USS Defiant կոչվող նոր նավը Համաաշխարհային օվկիանոսում կլինի «ամենամեծ, մահացու, բազմաակողմանի և ամենագեղեցիկ ռազմանավը»։
Թրամփի անունով կոչվող գծանավերը զինված կլինեն թնդանոթներով և հրթիռներով, ինչպես նաև հիպերձայնային զենքերով, էլեկտրոնային ռելսային թնդանոթներով և հզոր լազերներով։
«Մենք պատկերացնում ենք այդ նավերը որպես գծանավերի միանգամայն նոր դասի առաջին նավերը, որը կարտադրվի առաջիկա տարիներին»,- ասել է Թրամփը՝ նշելով 20-25 նոր գծանավերի վերջնական նպատակը։ Ֆելանն իր հերթին նշել է, որ գծանավերը միաժամանակ «ծովից արձակվող միջուկային զենքով թևավոր հրթիռներ են կրելու»։
Վերջին անգամ ԱՄՆ-ն մարտական գործողություններում գծանավեր են օգտագործել 1991 թվականին՝ Իրաքի դեմ Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ։
«Դրանք երկար ժամանակ նախագծման փուլում էին, և դա սկսվել է իմ առաջին ժամկետում, քանի որ ես հարցրել եմ. «Ինչո՞ւ մենք առաջվա պես գծանավեր չենք կառուցում», - երկուշաբթի ասել է Թրամփը։
Ըստ Պաշտպանության նախարարության հայտարարության՝ ռազմածովային ուժերին հանձնարարվել է ղեկավարել նոր ռազմանավերի մշակումը, որոնք, ինչպես սպասվում է, պատրաստ կլինեն հաջորդ տասնամյակի սկզբին։ Թրամփը նշել է, որ ինքը ևս դեր կխաղա, «քանի որ շատ գեղապաշտ մարդ է»։





























