«Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի արդյունքում, զոհվել է նաև Թեհրանի հայկական համայնքների ներկայացուցիչների ասոցիացիայի ղեկավար Լևոն Դավթյանը, ով նախկինում եղել է նաև Իրանական խորհրդարանի պատգամավոր: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով, իրանական ISNA գործակալությանը: Նշենք, որ վթարի ենթարկված ինքաթիռում են եղել նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամները, որոնք Հայաստան էին ժամանում հավաքների մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են, որոնք հիմնականում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ: