Սպասվում է, որ 2025 թվականի արդյունքներով ճապոնացիների շրջանում ծնելիությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա կլինի։ Նմանատիպ վիճակագրությունը սկսել են վարել 1899 թվականից ի վեր: Այս մասին հայտնել Է Asahi թերթը՝ վկայակոչելով վիճակագրական տվյալների հիման վրա սեփական հաշվարկները։
Ըստ պարբերականի կանխատեսման՝ 2025 թվականին ծնված երեխաների թիվը կլինի 667,5 հազարի սահմաններում՝ 2024 թվականի 686,1 հազարի դիմաց։ Այս կանխատեսումը հաշվի է առնում միայն այն երեխաներին, որոնք ծնվում են երկրի քաղաքացիների ընտանիքներում։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրությունը սպասվում է հունիսին, իսկ փետրվարին կհրապարակվեն նախնական տվյալները, որոնք ներառում են տեղեկություններ նաև երկրում բնակվող օտարերկրացիների մասին։
Ժողովրդագրական իրավիճակը զարգանում է զգալիորեն ավելի վատ, քան Բնակչության և սոցիալական ապահովության հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից նախկինում հնչեցված կանխատեսումները։ Այսպիսով, 2023 թվականին 2025-ի համար արված միջին կանխատեսումը ենթադրում է 749 հազար երեխայի ծնունդ։ Asahi թերթի ներկայացրած գնահատականը նկատելիորեն ցածր է նույնիսկ հոռետեսական սցենարից, որը ենթադրում էր 681 հազար երեխայի ծնունդ։ Բնակչության ինստիտուտի միջին կանխատեսման համաձայն՝ տարեկան 666 հազարի մակարդակով ծնելիություն սպասվում է միայն 2041 թվականին։
Վերջին տարիներին երկրում գրանցվում է ռեկորդային ցածր ծնելիություն, ինչն ուղեկցվում է հասարակության ծերացման միտումով։ Սա հանգեցնում է աշխատունակ բնակչության կրճատմանը և աշխատուժի դեֆիցիտի։





























