Սպիտակ տունը հրամայել է ԱՄՆ զինված ուժերին առաջիկա երկու ամիսների ընթացքում կենտրոնանալ վենեսուելական նավթի «կարանտինի» (մեկուսացման) վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը որոշել է տնտեսական ճնշում գործադրել Կարակասի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների օգնությամբ, սակայն ռազմական տարբերակները «դեռևս գոյություն ունեն»։ «Կարծիք կա, որ մինչև հունվարի վերջ Վենեսուելան տնտեսական աղետի կբախվի, եթե չհամաձայնի զգալի զիջումների գնալ ԱՄՆ-ին», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պատժամիջոցների տակ հայտնված բոլոր այն նավթային լցանավերի շրջափակման մասին, որոնք ուղևորվում են Վենեսուելա կամ դուրս են գալիս այնտեղից։ Նա սպառնացել է մեծացնել ռազմական խմբավորումը լատինամերիկյան երկրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վերադարձրել «նավթը, հողը և գողացված այլ ակտիվները»։ Դրանից հետո ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ զավթել են երկու նավթային լցանավ՝ Skipper-ը և Centuries-ը։ Երրորդ նավի՝ Bella 1-ի անձնակազմը թույլ չի տվել ամերիկացի զինվորականներին աբորդաժի ենթարկել, սակայն դրա հետապնդումը շարունակվում է։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն կպահի բռնագրավված նավթը, որը ստացվել է նավթային լցանավերի բռնագրավման արդյունքում։ «Հնարավոր է՝ մենք վաճառենք այն։ Հնարավոր է՝ օգտագործենք ռազմավարական պահուստներում։ Մենք այն մեզ ենք թողնում։ Նավերը նույնպես»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների՝ Վենեսուելան սկսել է իր նավահանգիստներից դուրս բերել նավթային լցանավերը՝ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ուղեկցությամբ։ Ինչպես նշում է The New York Times-ը, սա մեծացնում է ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ռազմական բախման ռիսկը։ Նավթային շրջափակման մասին հայտարարելուց առաջ Թրամփը մեղադրել էր երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին դեպի Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգության և ամերիկյան ընկերություններից նավթի հափշտակման մեջ։ Նոյեմբերին կայացած կարճ հեռախոսազրույցի ընթացքում նա վենեսուելացի նախագահին առաջարկել էր ընտանիքի հետ միասին անվտանգ հեռանալ երկրից ցանկացած ուղղությամբ և դրա համար տվել էր մեկ շաբաթ ժամանակ։ Երբ ժամանակը սպառվել է, Թրամփը «փակել է Վենեսուելայի երկինքը» և հայտարարել, որ Մադուրոյի կառավարումը շուտով կավարտվի։ Իր հերթին Մադուրոն հայտարարել է երկրում վարչակարգը փոխելու Վաշինգտոնի փորձի մասին։ Նա խոստացել է թույլ չտալ դա և պաշտպանել Վենեսուելայի ինքնիշխանությունն ու ռեսուրսները։





























