Կամբոջայի ավելի քան 630 հազար խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Թաիլանդի հետ սահմանին հակամարտության սրման պատճառով, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Այս մասին հայտնել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ իրենց բնակության վայրերը լքել են ավելի քան 636,6 հազար կամբոջացիներ, այդ թվում՝ ավելի քան 534,3 հազար կին և երեխա։
Թագավորության պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Կամբոջայում հրետակոծությունների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ, ևս առնվազն 87 մարդ ստացել է վիրավորում։ Դեկտեմբերյան սահմանային էսկալացիայի սկզբից ի վեր վնասվել է 125 բնակելի տուն, մի քանի կրոնական օբյեկտներ, ինչպես նաև քաղաքային ու ճանապարհային ենթակառուցվածքներ։
Կամբոջայի և Թաիլանդի սահմանին հրաձգային զինատեսակների կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին։ Թաիլանդի ցամաքային զորքերը դեկտեմբերի 8-ին հայտնել են, որ կամբոջացի զինվորականները սկսել են հրետակոծել թաիլանդական դիրքերը սահմանամերձ գոտում։ Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքներին։




























