Հետաքննության տակ գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներն «անհեթեթություն» է անվանել և հայտարարել, որ գործով ապացույցները կեղծված են։ Նա այդ հայտարարությունն արել է Թբիլիսիի քաղաքային դատարանում հերթական նիստի ժամանակ, հայտնում է Новости-Грузия-ն։
«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ դա, դա այնքան աբսուրդ է։ Սակայն դատախազության նշածը, և ընդհանրապես իմ ձերբակալությունը, տեղի է ունեցել մեկ պատճառով. ապացույցներն անուղղակի էին, և իմ ցուցմունքը փոփոխված էր։ Ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ երկրում այս ցուցմունքը կանտեսեին՝ ոչ միայն դատարանը, այլև մեղադրական կողմը»,- նշել է նախկին նախարարը։
Բուրչուլաձեն հավատացնում է, որ Թբիլիսիում բնակարանների վաճառքից ստացված օրինական եկամուտներով է ձեռք բերել շքեղ անշարժ գույք արտասահմանում՝ կտրականապես հերքելով փողերի լվացման որևէ դեպք։
Բուրչուլաձեն ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին։ Նա մեղադրվում է զինվորական հոսպիտալի համար մագնիսառեզոնանսային սարքի ձեռքբերման ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Գործով մեղադրվում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան, նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին և Բուրչուլաձեի փեսան՝ Վասիլ Մխեիձեն։ Հետաքննիչները կարծում են, որ պաշտոնյաները դիտավորյալ ստեղծել են ոչ մրցակցային միջավայր և 1,3 միլիոն լարիով բարձրացրել պայմանագրի գինը։
Իր անօրինական եկամուտը թաքցնելու համար Բուրչուլաձեն մեղադրվում է Իսպանիայում 544 հազար եվրոյով տուն և հողամաս գնելու և Վրաստանում կեղծ վարկային պայմանագրեր և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելու մեջ։
Պաշտպանության նախկին նախարարին սպառնում է 9-12 տարվա ազատազրկում։ Նա իր դատավճռին է սպասում բանտախցում։
Դատախազության պահանջով այսօր գործի նյութերին նոր ապացույցներ են ավելացվել՝ մեղադրյալների միջև նամակագրությունը, ինչպես նաև նրանց հեռախոսազրույցների ձայնագրությունները։
Բուրչուլաձեն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը։ Նա Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության անդամ էր, որը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից լրատվամիջոցներում կոռուպցիայի մասին մեղադրանքների ֆոնին և ներկայում փողերի լվացման գործով հետաքննության տակ է։





























