Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, հաղորդում է РБК-Украина-ն։

Ըստ Զելենսկու՝ զրույցը բավականին լավ է եղել։ Նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի պաշտոնյաներին կառուցողական և ինտենսիվ աշխատանքի, բարի խոսքերի և ուկրաինացիներին ուղղված Սուրբ Ծննդյան շնորհավորանքների համար։

Երկրի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։

«Մենք քննարկել ենք աշխատանքի որոշ կարևոր մանրամասներ։ Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել համատեղ արդյունքի և երկարատև խաղաղության համար։ Իսկական անվտանգություն, իրական վերականգնում, իրական խաղաղություն՝ հենց դա է մեզ բոլորիս անհրաժեշտ է Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և մեզ աջակցող յուրաքանչյուր գործընկերոջ մոտ»,- ասել է նա։

Զելենսկին հույս է հայտնել, որ այսօրվա Սուրբ Ծննդյան համաձայնագրերը և կողմերի քննարկած գաղափարներն օգտակար կլինեն։

Ուկրաինական կողմից զրույցին մասնակցել են նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Ուկրաինայի արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Բրուսիլոն և Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսանդր Բևզը։

Ըստ Զելենսկու՝ Ումերովն այսօր կրկին կխոսի Ուիթքոֆի և Քուշների հետ։

«Կարծում ենք՝ ճիշտ է չկորցնել ոչ մի օր կամ որևէ հնարավորություն, որը կարող է մեզ մոտեցնել արդյունքին։ Թող մեր այսօրվա զրույցը ևս մեկ քայլ լինի դեպի խաղաղություն»,- ասել է Զելենսկին։

Նա նաև Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին։