Նիգերիայում «Իսլամական պետության» թիրախների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հարվածը հասցվել է այն տարածքին, որտեղ բնակիչները վերջին առնվազն 10 տարիների ընթացքում ահաբեկիչների մասին անգամ չէին լսել: Այս մասին հայտնել է Նիգերիայի Arise հեռուստաալիքի թղթակից Նասիրու Սուլեյմանը Սոկոտո նահանգի հյուսիսարեւելյան Տամբուալ շրջանից, որը նախագահ Թրամփի հայտարարության մեջ նշված էր որպես հարվածի թիրախ:
Նրա խոսքով՝ Ջաբո գյուղի բնակիչները երեկ երեկոյան արթնացել են ռումբի պայթյունի ձայնից: Այս պահին քաղաքացիական անձանց կամ զինյալների շրջանում հնարավոր զոհերի մասին հաղորդագրություններ չկան:
Հեռուստաալիքը նշել է, որ Նիգերիան դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, թե ով է հարվածել «Իսլամական պետության» ահաբեկիչներին եւ ինչ միջոցներով: Նիգերիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները սահմանափակվել են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության մասին հայտարարություններով: Թրամփի հայտարարության վերաբերյալ հեռուստատեսային հաղորդագրություններն ուղեկցվել են անհայտ տարածքում անանուն ռազմանավից հրթիռների արձակման կադրերով: Սոկոտո նահանգից ստացված հաղորդագրությունները վկայում են հնարավոր օդային ռմբակոծության մասին:
Arise հեռուստաալիքի վերլուծաբան եւ ծնունդով Սոկոտոյից Մահմուդ Ջեգան զարմանք է հայտնել, որ թիրախավորվել են իր նահանգի որոշ վայրեր, այլ ոչ թե Բորնո նահանգը, որտեղ 2009-ից գործում է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը հավատարմության երդում է տվել ԻՊ-ին: Այնտեղ է գտնվում նաեւ Սամբիսա անտառազանգվածը, որտեղ հանցագործները թաքստոցներ ունեն եւ պատանդներ են թաքցնում:
Իր հերթին, «Nigerian Tribune» թերթը նշել է, որ նիգերիական եւ ամերիկյան զորքերի համատեղ հարվածների մասին հայտարարությունը հանրային քննարկման փոթորիկ է առաջացրել: Սոցցանցերի որոշ օգտատերեր ողջունել են հակաահաբեկչական վճռական միջոցառումները, մինչդեռ մյուսները վախենում են, որ թիրախավորվելու են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե իրական հանցագործները: Մյուսները զարմանք են հայտնել, որ Նիգերիայի իրավապահ մարմինները, չնայած բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին, ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել ահաբեկչությունը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Նիգերիայում ԻՊ զինյալներին հարվածելու մասին: Այնուհետեւ Նիգերիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սամաիլա Ուբան հայտնել էր, որ սա Նիգերիայի զինված ուժերի կողմից ԱՄՆ-ի հետ համակարգված գործողություն է՝ հավաքված հետախուզական տվյալների հիման վրա: Նիգերիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կիմիեբի Էբիենֆան իր հաղորդագրության մեջ նշել է, որ Նիգերիան «ռազմավարական փոխգործակցություն ունի ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակման եւ միջազգային իրավունքին համապատասխան ՝համագործակցության այլ ձեւերի հարցում»:





























