Հայ ազգային կոնգրեսը երկարատեւ բանակցություններ է վարել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հետ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու, ՀԱԿ վարչության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Մեզ համար քաղաքական համախմբումը երկրում արմատական փոփոխությունների իրականացման կարեւորագույն գործիք է։ Հենց այս պատճառով էլ մենք երկու տարուց ավելի բանակցություններ ենք վարում տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց մենք լուրջ, իրատեսական եւ ռացիոնալ ենք համարում»,- ավելացրել է Զուրաբյանը։

Այս ուժերի թվում, ինչպես նշել է ՀԱԿ փոխնախագահը, նաեւ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունն է։ «Ցավոք, բանակցությունները դեռեւս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել։ Մենք նույնիսկ առաջարկել ենք մեխանիզմ՝ ղեկավարության նկրտումները հաղթահարելու համար։ Օրինակ, մենք առաջարկել ենք ստեղծել Ազգային շարժման կոմիտե, որտեղ այդ ուժերը կարող են պատշաճ կերպով ներկայացված լինել։ Սակայն սկզբում մենք առաջնորդության հարցը չէինք բարձրացնի»,- նշել է ընդդիմադիր գործիչը՝ ավելացնելով, որ այս մոդելը դեռեւս ոչ մեկի կողմից չի ընդունվել։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՀԱԿ-ը չի կարող անգործ նստել՝ սպասելով հաջողության։ Լեւոն Զուրաբյանը խոստովանել է, որ դեռեւս չի հասկանում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության դիրքորոշումը։ Չնայած դրան՝ նա հրաժարվել է մանրամասնել կամ քննադատել ընդդիմադիր գծով իր գործընկերներին։ Ավելի վաղ նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնել էր իր դիրքորոշումը ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախկին նախագահների մասնակցության վերաբերյալ։ Նախկին օմբուդսմենի խոսքով՝ նրանց մասնակցությունը խիստ անցանկալի է։

Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները քաղաքական ուժերի հետ եւ ընտրել այնպիսի թեկնածու, որը կլինի բոլորի համար փոխզիջումային տարբերակ։ «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կան շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք պետք է բանակցենք»,- նշել է Զուրաբյանը՝ այդպիսով քար նետելով Թաթոյանի եւ նրա դաշնակիցների ուղղությամբ։