Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Ուկրաինայում եվրոպական զորքեր տեղակայելու կոչ է արել, մասնավորապես՝ Բունդեսվերի զինվորներ՝ ընդհանուր եվրոպական խորհրդանիշների ներքո, հաղորդում է Bild-ը։ Նա նշել է, որ եթե Եվրոպան լուրջ է վերաբերվում խաղաղապահ առաքելությանը, Գերմանիան չի կարող մի կողմ քաշվել։

«Ես ուզում եմ տեսնել եվրոպական դրոշով համազգեստով զինվորների, որոնք մեր ուկրաինացի ընկերների հետ համատեղ խաղաղություն են ապահովում»,- ասել է Վեբերը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նաև քննադատել է միայն ամերիկյան զորքերով Ուկրաինայում խաղաղություն ապահովելու գաղափարը։ Վեբերի խոսքով՝ «դա լուծում չէ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն երաշխավորի միայն ամերիկացի զինվորներով»։

Խոսելով Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Վեբերը նշել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից խաղաղության պատրաստակամություն չի տեսնում։

 «Պուտինը մեզ քթից բռնած ման է ածում։ Նա նստած է Կրեմլում և ուրախանում է, որ Արևմուտքը վիճում է ու պառակտվում»,- հավելել է քաղաքական գործիչը։

Մանֆրեդ Վեբերի գլխավորած Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրախորհրդարանի ամենամեծ և առաջատար կուսակցությունն է։