Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակյա անդամակցությունը տեխնիկապես անհնար է, և բոլորը դա հասկանում են։ Դրա մասին Sputnik Армения-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ սա միայն ռուսական կողմի դիրքորոշումը չէ. ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ որոշակի պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ մենք հարգում ենք Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխան որոշումները։ Միայն մի պահ կա, և մեր նախագահը նույնպես խոսել է դրա մասին, երբ Հայաստան օրենք ընդունեց Եվրոպական Միություն մտնելու գործընթացը սկսելու մասին։

Մենք հույս ունենք, որ Հայաստանի ժողովրդին բացատրություն կտրվի եվրասիական ինտեգրացիայից հրաժարվելու հետևանքների մասին՝ հօգուտ եվրոպական ինտեգրման։ Կներկայացվեն դրական և բացասական կողմերը՝ հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները, քանի որ դա անխուսափելիորեն շատ լուրջ հետևանքներ կունենա հայ բնակչության կյանքի որակի համար։ Ինչ վերաբերում է մնացածին, մենք հարգում ենք մեր դաշնակցի ընտրությունը»,- ընդգծել է Կոպիրկինը։