Ուրբաթ Գվատեմալայում զոհվել է առնվազն 15 մարդ ողբերգական միջադեպի հետեւանքով. ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը, տեղեկացրել է La Nacion-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում, պատահարի հետեւանքով հոսպիտալացվել է եւս 20 մարդ։

Զոհերից 11-ը տղամարդիկ են, 3-ը՝ կին, մեկը՝ մի անչափահաս։

Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Լեանդրո Ամադոյի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել միջամերիկյան մայրուղու 174-րդ կիլոմետրում, այն շրջանում, որը հայտնի է որպես «Ալյասկայի գագաթ»։

Միջքաղաքային ավտոբուսը, որը երթեւեկում էր Գվատեմալա քաղաքի եւ Սան Մարկոս դեպարտամենտի միջեւ, ընկել է մոտ 75 մետր խորությամբ կիրճը։