Մահացել է ռուս դիվանագետ, Քուվեյթում, Թուրքիայում եւ Իսրայելում Ռուսաստանի նախկին դեսպան Պյոտր Ստեգնիյը։ Նա 80 տարեկան էր։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։

«Նա իր անկրկնելի հետքն է թողել պատմագիտության մեջ՝ զբաղվելով դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների պատմությամբ եւ գրելով մի շարք գրքեր արտաքին քաղաքականության քիչ ուսումնասիրված դրվագների մասին»,- ասել է Յակովենկոն։

Պյոտր Ստեգնիյը ծնվել է 1945թ․ հունվարի 14-ին Յոշկար Օլայում։ 1968թ․ ավարտել է ՄԳԻՄՕ-ն եւ ընդունվել դիվանագիտական աշխատանքի։ Մինչեւ 1990թ․ եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից Սուդանում, Եմենում, Եգիպտոսում եւ Լիբիայում։ 1991-1992թթ․ եղել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների վարչության պետի տեղակալը։ 1992-1998թթ․ Ստեգնիյը եղել է Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Քուվեյթում։ 2003-2007թթ․՝ Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Թուրքիայում, 2007-2011թթ․՝ Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն Իսրայելում։

Պյոտր Ստեգնիյը գրել է նաեւ մի քանի տասնյակ գրքեր ռուսական պատմության եւ դիվանագիտության պատմության մասին։ Դրանցից են՝ «Սֆինքսի ժպիտը», «III դասի դեսպանը». «Օչակովյան ժամանակների եւ Ղրիմի հնազանդեցման» ժամանակագրությունները», «Եկատերինա II-ի ժամանակների ժամանակագրություններ․ 1729-1796»։ 2002թ․ նա դարձել է պատմական գիտությունների դոկտոր, 2007-ին՝ պատմա-գրական մրցանակի դափնեկիր։ Դիվանագետն արժանացել է Բարեկամության եւ գերապատիվ Սերգիյ Ռադոնեժսկու III աստիճանի շքանշանների, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։