Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում իրականացվում է մանկավարժության և հոգեբանության 30 կրեդիտի ծրագիրը՝ նախատեսված այն քաղաքացիների համար, ովքեր ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն որևէ ոլորտում, սակայն չունեն մանկավարժի որակավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնել է, որ առաջիկայում անձամբ պատրաստվում է մասնակցել նշված դասընթացին՝ ընդգծելով, որ նպատակ ունի սեփական փորձով գնահատել ծրագրի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև ձեռք բերել դպրոցում դասավանդելու իրավունք։

«Առաջիկայում ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները՝ թե անձամբ տեսնելու՝ ինչքանով են դրանք օգտակար ու նպատակային, թե նաև, ինչու չէ, դպրոցում դասավանդելու իրավունք ձեռք բերելու»,- գրել է նախարարը։

Անդրեասյանը հիշեցրել է, որ ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր ունեն դպրոցում դասավանդվող որևէ առարկայի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթություն, ցանկանում են դասավանդել դպրոցում, սակայն մանկավարժի որակավորում չունեն: