Կիրակի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնական շրջանի շինհրապարակից բարեհաջող դուրս է բերվել 470 կիլոգրամանոց ավիառումբ։ Այն Միացյալ Նահանգներն ու դաշնակից զորքերն օգտագործել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ամերիկյան արտադրության AN-M44 ռումբն օգտագործվել է գերմանական դիրքերի վրա օդային հարձակումների ժամանակ՝ 1944 թվականին Բելգրադը նացիստական օկուպացիայից ազատագրելիս։

Ըստ ոստիկանության, բնակելի թաղամասի և առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող վայրում ռումբի վնասազերծումից առաջ իրականացվել է մանրակրկիտ հետախուզում՝ «անվտանգ պայմաններ ապահովելու համար»։

Բնակիչներին նաև խորհուրդ է տրվել լքել իրենց տները։

Վնասազերծումից հետո ռումբը տեղափոխվել է Բելգրադից մոտ 180 կմ հեռավորության վրա գտնվող բանակային հրաձգարան, որտեղ այն առաջիկա օրերին կոչնչացվի։