Մինչ Հայաստանում քննարկվում է ձմեռային ժամանակից ամառայինի անցնելը վերացնելու օրինագիծը, Ռուսաստանում կրկին սկսել են խոսել կրկին ժամանակների փոփոխությանը վերադառնալու մասին:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահված անձանց հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ձմեռային ժամանակին վերադառնալը հնարավոր է, եթե այդ հարցի լայն քննարկումները հաստատեն նման որոշման անհրաժեշտությունը:
«Դա ինչ-որ ֆետիշ չէ: Դրան կարելի է վերադառնալ: Եկեք այդ ամենն անենք առանց ջանքերի, եկեք եւս մեկ անգամ վերադառնանք:
Մասնագետների, փորձագետների եւ հանրության հետ խորհրդակցենք, այդ բառի լայն իմաստով», - ասել է Պուտինը` հավելելով, որ այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եկեք մեկ անգամ եւս քննարկենք. Եթե համոզվենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ավելի լավ է ամեն ինչ թողնել նախկինի պես, այդպես էլ կանենք», - նշել է վարչապետը:
Ավելի վաղ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալու առաջարկով Պետդումա էին դիմել ՌԼԴԿ կուսակցության պատգամավորները:
ՌԴԼԿ-ի կարծիքով` ժամերն առաջ տալը թույլ կտա ամռանը ամբողջովին օգտագործել երկար լուսավոր օրը, իսկ ձմռանը` կրճատել կարճ օրվա «բացասական ազդեցությունը»:
Հիշեցնենք, 2011թ. ամռանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օրենք է ստորագրել, որով հանել էր ձմեռային եւ ամառային ժամանակների անցնելը` 11 ժամային գոտու փոխարեն անցնելով 9 ժամայինի: Արդյունքում Ռուսաստանի ժամանակը Ռուսաստանի տարածքում երկրաբանական ժամային գոտուց տարբերվում է մեկ-երկու ժամով, որոշ շրջաններում էլ` երեք:




























