Էստոնիայում Պետական դատարանի սահմանադրական վերահսկողության կոլեգիան փետրվարի սկզբին կքննարկի նախագահ Ալար Կարիսի միջնորդությունը՝ «Եկեղեցիների և ծխերի մասին» օրենքի փոփոխությունները Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ։ Այդ փոփոխությունները նախատեսում են սահմանափակումներ այն եկեղեցիների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ագրեսիային։ Այս մասին հայտնում է ERR-ը։

Ինչպես նշվում է Պետական դատարանի հաղորդագրության մեջ, միջնորդությունը կքննարկվի բանավոր ընթացակարգով։ Նիստը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին, Տարտուում։

Գործընթացին մասնակցելու են հրավիրվել խորհրդարանի, կառավարության, իրավունքի պաշտպանի, արդարադատության և թվային տեխնոլոգիաների նախարարի ներկայացուցիչները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Էստոնիայի եկեղեցիների խորհուրդը, Ուղղափառ եկեղեցին և Պյուխտիցայի Աստվածածնի Վերափոխման ստավրոպիգիալ կանանց վանքը։

Ալար Կարիսը հոկտեմբերի սկզբին Պետական դատարան էր ուղարկել «Եկեղեցիների և ծխերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ միջնորդելով այն ճանաչել որպես Սահմանադրությանը հակասող։

Կարիսը մինչ այդ երկու անգամ անընդմեջ՝ ապրիլին և հուլիսին, հրաժարվել էր հաստատել դավանանքի ազատության մասին օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են սահմանափակումներ կիրառել ռուսական ագրեսիան արդարացնող եկեղեցիների նկատմամբ:

Ռուսաստանի ագրեսիային աջակցող անձանց կամ կազմակերպությունների հետ կապված եկեղեցիների գործունեությունը սահմանափակելու նախաձեռնությամբ դեռևս 2024 թվականի հոկտեմբերին հանդես է եկել Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը:

Այն ժամանակ գերատեսչությունը նշում էր, որ օրենքի նախագիծը պետք է դրդի Մոսկվայի պատրիարքարանի Էստոնական ուղղափառ եկեղեցուն փոխել իր կանոնադրությունը՝ հայտարարելով Մոսկվայից լիակատար ինքնավարության մասին: