Յեմենի Հադրամաութ նահանգում, որը սահմանակից է Սաուդյան Արաբիային, մարտեր են բռնկվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող նահանգապետին հավատարիմ ուժերի և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը վայելող անջատողական Հարավային անցումային խորհրդի միջև:

Հարավային անցումային խորհուրդը Սաուդյան Արաբիային մեղադրել է սահմանի մոտ իր ուժերը ռմբակոծելու մեջ:

Ըստ Al Jazeera-ի, Հադրամաութ նահանգում Հարավային անցումային խորհրդի մեկ անդամ է զոհվել: Եվս 15 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Մարտերը տեղի են ունեցել Սեյունում՝ տարածաշրջանի ամենամեծ քաղաքից՝ Մուկալայից 360 կմ հյուսիս: Բացի այդ, ավիահարվածների հետևանքով ավերվել են օդանավակայանն ու ռազմաբազան: Սեյունը Հադրամաութ նահանգի խոշոր քաղաք է, որն անջատողականները (Հարավային անցումային խորհուրդը) գրավել էին անցյալ ամիս՝ իրենց հարձակման սկզբում:

Ավելի վաղ Հադրամաութի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող նահանգապետ Սալեմ ալ Խանբաշին հայտարարել էր, որ իր զորքերն առաջանում են դեպի Սեյուն այն բանից հետո, երբ Հարավային անցումային խորհրդից հետ են գրավել տարածաշրջանի խոշորագույն՝ Ալ Հաշի բանակային բազան:

Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատել են Յեմենից իրենց վերջին ստորաբաժանումների դուրսբերումը և դեէսկալացիայի կոչ արել՝ կապված երկրի հարավում անջատողականների ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետ:

«ԱՄԷ-ն նախկինի պես հավատարիմ է երկխոսությանը, դեէսկալացիային և միջազգայնորեն աջակցվող գործընթացներին՝ որպես խաղաղության միակ կայուն ուղի»,- հայտարարել է պաշտոնյան:

ԱՄԷ-ն երեքշաբթի հայտարարեց Յեմենից իր զորքերի դուրսբերման մասին՝ նշելով երկրում այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողությունների ավարտը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Յեմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը պահանջեց 24 ժամվա ընթացքում զորքերը դուրս բերել երկրից: