Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության նպատակը, որը հանգեցրեց շաբաթ օրը երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանը, նախևառաջ ԱՄՆ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը դադարեցնելն էր, և որ Վենեսուելայում ընտրությունների անցկացումն «այս փուլում վաղաժամ կլիներ»։

«Մենք հոգ ենք տանում ընտրությունների, ժողովրդավարության և այդ ամենի մասին, բայց ամենակարևորը, ինչի մասին հոգում ենք, Միացյալ Նահանգների անվտանգությունը, բարօրությունն ու բարգավաճումն են։ Եվ դա այն է, ինչի վրա պատրաստվում ենք կենտրոնանալ առաջին հերթին»,- ասել է Ռուբիոն։

Նա նաև անդրադարձել է վերջին ընտրություններին, որոնցում, ըստ Մադուրոյի, ինքն է հաղթել՝ չնայած իր պարտության մասին բազմաթիվ ապացույցներին։

«Ընտրություններն իրոք տեղի են ունեցել։ Նրանք պարտվել են դրանցում և չեն հաշվել ձայները։ Կամ հրաժարվել են հաշվել ձայները, և բոլորը գիտեն դա։ Այնպես որ, կարծում եմ, այս պահին այդ ամենը վաղաժամ է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «կառավարելու է» Վենեսուելան այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի կարողացել ինքնուրույն իրականացնել իշխանության խաղաղ փոխանցումը, սակայն Ռուբիոն կիրակի պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի խոսքը Վենեսուելայում այնպիսի «քաղաքականություն վարելու» մասին էր, որը «օգտակար կլինի Վենեսուելայի ժողովրդի համար» և «կհամապատասխանի մեր ազգային շահերին»։

Նա վերահաստատել է, որ Թրամփի վարչակազմն ունի «կարճաժամկետ խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծվեն»՝ նախքան «Վենեսուելային ժողովրդավարական անցման հարցում օգնելը»։

«Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել Վենեսուելայի պայծառ ապագան, անցումը ժողովրդավարությանը։ Այս ամենը հրաշալի է, և մենք բոլորս ենք դա ուզում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Բայց խոսքը վերաբերում է նրան, թե ինչ տեղի կունենա առաջիկա երկու-երեք շաբաթների կամ երկու-երեք ամիսների ընթացքում, և ինչպես է դա առնչվում Միացյալ Նահանգների ազգային շահերին»,- նշել է նա։