Իրանի ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական Հոսեյն Թայիբը Թավրիզում «Ղուդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի մահվան վեցերորդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ռազմական առումով ձախողվել են մարտի դաշտում, նրանք այժմ անցել են «փափուկ պատերազմի» և անվտանգության խնդիրների ստեղծմանը, հայտնում է Mehr-ը։
«Ամերիկան և սիոնիստական ռեժիմը փոխել են իրենց ռազմավարությունը դեպի փափուկ պատերազմ և անվտանգության պատերազմ՝ մարտի դաշտում պարտություն կրելուց հետո»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդականը։
Նա ընդգծել է, որ «թշնամին պարտություն կկրի նաև փափուկ պատերազմում, քանի որ իրանցի ժողովուրդը միշտ արդարության ճակատի կողմն է»։
«Հեղափոխության և դիմադրության պատմությունը ցույց է տվել, որ հավատարիմ հրամանատարներն ու մոջահեդները հաստատակամություն են դրսևորել թե՛ ռազմական, թե՛ փափուկ պատերազմում։ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ ուղղակի առճակատմամբ և նախընտրում է սերնդափոխությունը տարածաշրջանում, մինչդեռ սիոնիստական ռեժիմը պնդում է հնարավորինս շուտ (ռազմական բնույթի) միջոցներ ձեռնարկել։ Սակայն իրանական ազգի միասնությունն ու տոկունությունը թույլ չեն տա թշնամուն հասնել իր նպատակներին»,- ասել է նա։