Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Վենեսուելայի մնացած առաջնորդների հետ, եթե նրանք «ճիշտ որոշում» կայացնեն, կիրակի CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն բանից հետո, երբ ԱՄՆ շոկային գործողության արդյունքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռացվեց իշխանությունից:

«Մենք ամեն ինչ կդատենք ըստ նրանց քայլերի և կտեսնենք, թե ինչ կանեն նրանք: Ես մի բան գիտեմ. եթե նրանք ճիշտ որոշում չկայացնեն, ապա Միացյալ Նահանգները կպահպանի ազդեցության բազմաթիվ լծակներ»,- ասել է Ռուբիոն:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում պետքարտուղարին հարցրել են՝ արդյո՞ք, ԱՄՆ-ն պատերազմական վիճակում է Վենեսուելայի հետ:

«Սա պատերազմ չէ: Նկատի ունեմ, որ մենք պատերազմ ենք մղում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ: Սա պատերազմ չէ Վենեսուելայի դեմ»,- ասել է Ռուբիոն:

Նա հավելել է, որ «Միացյալ Նահանգներ թմրանյութեր հասցնող» նավերի կալանումը կշարունակվի: