Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ արդեն հարցազրույցներ է անցկացրել հինգ մարզային ռազմական վարչակազմերի ղեկավարների թեկնածուների հետ։ Մոտ ժամանակներս կկատարվեն համապատասխան նշանակումները, հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին նշել է, որ հունվարի 4-ին հարցազրույցներ է անցկացրել Ուկրաինայի հինգ մարզերի մարզային ռազմական վարչակազմերի (ՄՌՎ) ղեկավարների թեկնածուների հետ։
«Մոտ ժամանակներս նշանակումներ կլինեն Վինիցայի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Տերնոպոլի և Չեռնովցիի մարզերում։ Շնորհակալություն եմ հայտնում համապատասխան պաշտոններում աշխատած ղեկավարներին։ Նոր ղեկավարների ազգանունները կհրապարակվեն նշանակումների նախապատրաստման պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Զելենսկու, նոր ղեկավարների հիմնական խնդիրներն են լինելու տեղական ինքնակառավարման հզորացումը, ընդհանուր առմամբ համայնքների դիմակայունությունը և քաղաքացիներին օգնելու ու նրանց կյանքը պաշտպանելու մարզերի կարողությունների մեծացումը։
«Մեր յուրաքանչյուր մարզ, մեր բոլոր քաղաքներն ու համայնքները պետք է կողք կողքի լինեն ողջ Ուկրաինայի պաշտպանության գործում»,- հավելել է նա։