ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը կոշտ է արտահայտվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին առևանգելու Վաշինգտոնի գործողության մասին։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Վենեսուելայում «Ամերիկան չեն դարձնում առավել անվտանգ, հզոր կամ հասանելի»։
«Այն, որ Մադուրոն դաժան, ոչ լեգիտիմ բռնապետ է, չի փոխում այն փաստը, որ այս գործողություններն անօրինական ու անխոհեմ էին։ Մենք այս ֆիլմը նախկինում արդեն տեսել ենք։ Վարչակարգի փոփոխության կամ նավթի արդյունահանման համար պատերազմները, որոնք մատուցվում են որպես ուժի դրսևորում, վերածվում են քաոսի, և դրա համար վճարում են ամերիկյան ընտանիքները։ Ամերիկացի ժողովուրդը սա չի ցանկանում, և նա հոգնել է խաբվելուց»,- նշել է Հարիսը։
Նա ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքը թմրանյութերի կամ ժողովրդավարության մասին չէ։
«Խոսքը նավթի և Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանային առաջնորդի դեր խաղալու ցանկության մասին է։ Եթե նրան հուզեր այս ամենից որևէ բան, նա ներում չէր շնորհի դատապարտված թմրավաճառին և չէր փորձի մեկուսացնել Վենեսուելայի օրինական ընդդիմությանը՝ գործարքներ կնքելով Մադուրոյի կամակատարների հետ։
Նախագահը վտանգի է ենթարկում զորքերը, վատնում միլիարդներ, ապակայունացնում տարածաշրջանը և չի ներկայացնում որևէ օրինական լիազորություն, դուրս գալու որևէ պլան կամ օգուտ սեփական երկրի համար։ Ամերիկային պետք են առաջնորդներ, որոնց առաջնահերթություններն են աշխատող ընտանիքների ծախսերի կրճատումը, օրենքի գերակայության ապահովումը, դաշինքների ամրապնդումը և, ամենակարևորը, հոգատարությունն ամերիկացի ժողովրդի նկատմամբ»,- եզրափակել է ԱՄՆ նախկին փոխնախագահը։