Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր ցավակցություններն է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, կապված Թեհրան-Երեւան ուղղությամբ չվերթ կատարող Տու-154 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է 168 մարդ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշենք, որ Հայաստանի Քաղավիացիան նույնպես պաշտնապես հաստատել է, որ ավիավթարի զոհերի թիվը 168 է:
«Ռուսաստանում խորը կսկիծով են ընդունել Ղազվինում տեղի ունեցած ավիավթարի լուրը, որը բազմաթիվ մարդկային կյնքեր խլեց: Ընդունեք իմ խորին ցավակցությունները այդ ողբերգության հետ կապված: Խնդրում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին հաղորդել այս դժվար պահին ամուր լինելու իմ ցանկությունները»,- ասված է Իրանի նախագահին ուղղված ՌԴ նախագահի հեռագրում:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրանից 180 կմ հեռավորությամբ: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:



























