Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի վերջին քայլերը լեգիտիմ են, հիմնավորված և օրինական։ Այս մասին հայտարարել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, հայտնում է CGTN-ը։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հերթական մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, ընդգծել է, որ Թայվանի վերաբերյալ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի սխալ արտահայտությունները Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են հանդիսանում։
Պեկինը կոչ է արել Տոկիոյին ուշադրություն դարձնել առաջացած խնդիրների արմատական պատճառներին և խորհել սեփական սխալների շուրջ։ Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Չինաստանը արգելք է սահմանել դեպի Ճապոնիա երկակի նշանակության ապրանքների արտահանման վրա։ Դրանք այն ապրանքները, տեխնոլոգիաները և ծառայություններն են, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Ցանկն ընդգրկում է ապրանքներ՝ քիմիական նյութերից և անօդաչու թռչող սարքերից մինչև բարձր արտադրողականությամբ համակարգիչներ և ծրագրային ապահովում։
Չինաստանի առևտրի նախարարությունում պարզաբանել են, որ այս քայլն ուղղված է Չինաստանի ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը։ Նրանք, ովքեր կխախտեն արգելքը՝ չինական ծագման երկակի նշանակության ապրանքներ փոխանցելով Ճապոնիայի կազմակերպություններին կամ մասնավոր անձանց, իրավական հետևանքներ կկրեն։





























