ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գրենլանդիան «վճռորոշ նշանակություն» ունի ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին Ռուսաստանի կամ Չինաստանի հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար և որ Եվրոպան ու Դանիան «այնքան էլ լավ չեն աշխատել» այդ տարածքի անվտանգության ապահովման հարցում։

Վենսը կարծում է, որ Դանիայի իշխանությունները ոչ միայն բավարար ներդրումներ չեն կատարել Գրենլանդիայի պաշտպանության ոլորտում, այլև չեն կարողացել հաշվի առնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստարկներն այս հարցի վերաբերյալ։

«Մարդիկ չեն գիտակցում, որ հակահրթիռային պաշտպանության ողջ ենթակառուցվածքը մասնակիորեն կախված է Գրենլանդիայից։ Եթե, Աստված մի արասցե, ռուսներն ու չինացիները — ես չեմ ասում, որ նրանք պատրաստվում են դա անել, — բայց եթե, Աստված մի արասցե, ինչ-որ մեկը միջուկային հրթիռ արձակի մեր մայրցամաքի ուղղությամբ կամ հարվածի Եվրոպային, Գրենլանդիան կդառնա այդ հակահրթիռային պաշտպանության կարևորագույն մասը։ Ուստի հարց ենք տալիս ձեզ. արդյո՞ք եվրոպացիները, դանիացիները պատշաճ աշխատանք են կատարել Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու համար, որ այն կարող է շարունակել ծառայել որպես համաշխարհային անվտանգության և հակահրթիռային պաշտպանության հենակետ։ Եվ պատասխանն ակնհայտ է՝ նրանք դա չեն արել»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

ԱՄՆ պաշտոնյաներն ակտիվորեն քննարկում են Դանիայի կիսաինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան գնելու պոտենցիալ առաջարկը. այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տունը։ Դրանից մեկ օր առաջ Սպիտակ տունը ասել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու նպատակով ռազմական գործողությունները նույնպես հնարավոր տարբերակ են։

Դանիան, որը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, զգուշացրել է, որ դա կնշանակի Հյուսիսատլանտյան դաշինքի վերջը։