Թուրքական լրատվամիջոցները Սիրիայի հարցով «նոր նախաձեռնության» որոշ մանրամասներ են բացահայտել, որի մասին խոսել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին վարչապետը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Թուրքիան Բաշար Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող երկրների հետ համատեղ մտադիր է Սիրիայի հարցով «նոր նախաձեռնություն» նախապատրաստել:

«Սաբահ» թերթն այսօր` փետրվարի  8-ին, հայտնում է, որ առաջին փուլում Թուրքիան մտադիր է հավաքել «Սիրիայի բարեկամ երկրներին», ամենից առաջ` Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներին, եւ, նրանց հետ բանակցությունների հաջողության դեպքում Ստամբուլում միջազգային կոնֆերանս անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` Սիրիայի իրավիճակը կարգավորելու հեռանկարները քննարկելու համար:

NTV հեռուստաալիքի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախատեսում է Անկարայի նախաձեռնությունը քննարկել ամերիկյան վարչակազմի հետ` այս շաբաթ Վաշինգթոն կատարելիք այցի ընթացքում:

Թուրքական իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նախագահի տեղակալ  Օմեր  Չելիկը NTV-ի հետ զրույցում հաստատել է Սիրիայի վերաբերյալ միջազգային հանդիպում անցկացնելու ծրագիրը: