«Նոր ալիք» երիտասարդ կատարողների փոփ երաժշտության միջազգային մրցույթն այլեւս Յուրմալայում չի կայանա: Այս մասին հայտնել է փառատոնի ժյուրիի հիմնադիր անդամ Իգոր Կրուտոյը:
Կոմպոզիտորը մեկնաբանել է, որ «Նոր ալիքի» կազմակերպիչների համագործակցությունը Յուրմալայի քաղաքային դումայի ղեկավարության հետ ծայրահեղ կետի է հասել: Այդ պատճառով էլ մոտ ապագայում կդիտարկվեն աշխարհի այլ քաղաքներ, այդ թվում նաեւ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան:
Մրցույթի երկրորդ համանախագահ Ռայմոնդ Պաուլսը փետրվարի 7-ին նույնպես հայտարարել է, որ այս մրցույթն այլեւս Յուրմալայում տեղի չի ունենալու, քանի որ կազմակերպիչներն ընդհանուր լեզու չեն կարողացել գտնել լատվիական կողմի հետ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթը եկել էր փոխարինելու խորհրդային հայտնի «Յուրմալա» փառատոնին: Մրցույթի տերերն են համարվում երկու կոմպոզիտորները` Իգոր Կրուտոյը եւ Ռայմոնդ Պաուլսը: 2005 թվականից փառատոնի մուսան է եղել Ալլա Պուգաչեւան, որն իր հատուկ մրցանակն է հանձնում իրեն դուր եկած մասնակիցներից որեւէ մեկին:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբից Լատվիայի պետական լեզվի կենտրոնը 150 լատի (մոտավորապես 300 դոլար) չափով տուգանքի էր ենթարկել այն բանի համար, որ «Նոր ալիք» մրցույթի Աստղերի ծառուղում բոլոր գրություններն անգլերենով են, իսկ պետական լատիշերենը բացակայում է: Յուրմալայի դուման փորձեց բողոքարկել տուգանքը, սակայն անարդյունք:




























