Սննդի անվտանգության ոլորտում այս տարի արմատական փոփոխություններ կլինեն: Այդ մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքն այսօր Երեւանում համաձայնագիր կնքեցին` ներդրումային միջավայրի բարելավման համար: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կստանա 1.9 մլն դոլարի տեխնիկական աջակցություն: Բարեփոխումները կիրականացվեն 4 հիմնական ուղղություններով` հարկային վարչարարություն, արտահանման եւ ներմուծման գործարքներին աջակցություն, տեսչական բարեփոխումներ եւ որակի ու սննդի անվտանգության խնդիրներ:

Տ. Դավթյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարության համակարգում գտնվող սննդի անվտանգության տեսչությունը վերջին ժամանակներում կադրային համալրում է ստացել: Նույնը վերաբերում է էկոնոմիկայի նախարարության համակարգում գտնվող շուկայի վերահսկողության տեսչությանը, որը վերահսկում է ոչ պարենային շուկաները: «Այդ 2 տեսչությունները բարեփոխում ենք, եւ ֆունդամենտալ փոփոխություններ ենք անում թե կազմում, թե կառուցվածքում, թե աշխատանքի ոճում, թե տեխնիկական համալրման առումով»,- ասաց էկոնոմիկայի նախարարը, համոզմունք հայտնելով, որ այդ տեսչությունները ի վիճակի կլինեն մոտ ապագայում լիովին լուծել իրենց  առջեւ դրված խնդիրները: