Դոնալդ Թրամփը իր վարչակազմի անդամների և նավթային ընկերությունների ղեկավարների ներկայությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ են շփվում» Վենեսուելայի հետ, հաղորդում է CNN-ը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վենեսուելայի ժողովրդի հետ՝ թե՛ ժողովրդի, թե՛ Վենեսուելան կառավարողների հետ»,- ասել է նա։
Նավթային ընկերությունների ղեկավարների հետ այսօրվա հանդիպումը ԱՄՆ խոշոր էներգետիկ ընկերություններին հարավամերիկյան երկիր վերադառնալ համոզելու ջանքերի մի մասն է։
Թրամփը գովաբանել է նաև Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու ռազմական գործողությունը և հայտարարել, որ զանգեր է ստացել «շատ երկրների առաջնորդներից», որոնք այն անվանել են «տպավորիչ»։ Նա չի մանրամասնել, թե որ երկրների առաջնորդների հետ է խոսել։
Նա հավելել է, որ անձամբ կորոշի՝ որ նավթային ընկերություններին կթույլատրվի գործունեություն ծավալել Վենեսուելայում՝ իր վարչակազմի՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու ծրագրերի շրջանակում։
«Մենք գործարք կկնքենք ընկերությունների հետ՝ հավանաբար այսօր կամ շատ շուտով»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ նավթային ընկերությունները Վենեսուելայի նավթին մուտք գործելու վերաբերյալ կբանակցեն անմիջապես ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե Վենեսուելայի ղեկավարության հետ։
«Սա բոլորովին այլ Վենեսուելա կլինի։ ԱՄՆ ժողովուրդը դրանից հսկայական օգուտ կքաղի»,- ասաց նա։
Թրամփը պարզաբանել է, որ ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ նավթային ընկերությունները «առնվազն 100 միլիարդ դոլար իրենց սեփական, այլ ոչ թե կառավարության միջոցներից» ծախսեն Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների արդիականացման և նավթի արդյունահանման ավելացման վրա։
Նա միաժամանակ հայտարարել է, որ Վենեսուելան համաձայնել է, որ ԱՄՆ-ն «անմիջապես ձեռամուխ կլինի մինչև 50 միլիոն բարել վենեսուելական հում նավթի վերամշակմանը և վաճառքին, և որ այդ գործունեությունը կշարունակվի անորոշ ժամանակով»։
Ինչպես հաղորդել է Sky News-ը՝ Թրամփը շեշտել է, որ նախօրեին ԱՄՆ-ը Վենեսուելայից 4 միլիարդ դոլարի՝ 30 միլիոն բարել նավթ է վերցրել։ Ըստ նրա՝ այդ գումարի մեծ մասը կուղղվի Միացյալ Նահանգներին, իսկ մի մասը՝ Վենեսուելային։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հավելել է, որ Նիկոլաս Մադուրոյին բռնելու առաքելությունը «ապշեցուցիչ գործողություն էր և Միացյալ Նահանգները կդարձնի ավելի հարուստ և հզոր»։





























