«Միջազգային իրավունքի սկզբունքները կիրառելի են բոլորի նկատմամբ, ներառյալ Միացյալ Նահանգների»,— կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբայլը՝ Գրենլանդիան գրավելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների առիթով, հայտնում է Reuters-ը։

«Գրենլանդիայի ապագան կախված է բացառապես Դանիայից և Գրենլանդիայից։ Տարածքային ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պետք է պահպանվեն», — նշել է Քլինգբայլը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ, որտեղ նախատեսված է «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը։

«Արկտիկայում անվտանգության մակարդակը մենք բարձրացնում ենք միասին՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, այլ ոչ թե միմյանց հակադրվելով», — ասել է նախարարը։

G7-ի հանդիպումը երկուշաբթի օրը նվիրված կլինի կարևորագույն օգտակար հանածոների հասանելիությանը, քանի որ արևմտյան երկրները ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունը Չինաստանից՝ հաշվի առնելով Պեկինի քայլերը՝ խիստ վերահսկողություն սահմանելու հազվագյուտ հողային տարրերի արտահանման վրա։

Քլինգբայլը նշել է, որ Գերմանիան մեծապես հետաքրքրված է այս ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմամբ՝ մատակարարումների անվտանգության ամրապնդման, կախվածության նվազեցման և հուսալի տնտեսական պայմանների ապահովման նպատակով։

«Ահա թե ինչու է կարևոր, որ մենք խորհրդակցենք մեր միջազգային գործընկերների հետ և հնարավորության դեպքում գործենք միասին», — ասել է նա։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, Չինաստանը գերիշխում է կարևորագույն օգտակար հանածոների մատակարարման շղթայում՝ վերամշակելով պղնձի, լիթիումի, կոբալտի, գրաֆիտի և հազվագյուտ հողային տարրերի 47-ից 87 տոկոսը։