Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ով մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ, արդեն կալանավորվել է և տեղափոխվել է բանտ, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Միխայիլ Շակուլաշվիլին։
«Ղարիբաշվիլին արդեն ձերբակալված է… այս պահին նա ճանապարհին է, նրան տեղափոխում են բանտ»,- հայտարարել է փաստաբանը՝ հավելելով, որ իրեն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ուր է տեղափոխվելու նախկին վարչապետը։
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին խոստովանել է իր մեղքն ապօրինի եկամուտների օրինականացման մեջ և նրա հետ կնքվել է դատավարական համաձայնություն, որով նախկին վարչապետի համար որպես պատժաչափ է սահմանվել հինգ տարի ժամկետով ազատազրկումը։ Գերատեսչության տվյալներով՝ Ղարիբաշվիլին լրացուցիչ տուգանվել է 1 միլիոն լարիով (մոտ 370 հազար դոլար)։ Նա նաև պետք է պետությանը հանձնի իր տան խուզարկության ժամանակ առգրավված գումարը (6,5 միլիոն դոլար)։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2013-2015 թվականներին, ինչպես նաև 2021-2024 թվականներին։
2024 թվականի հոկտեմբերին Վրաստանի գլխավոր դատախազությունը Ղարիբաշվիլիին մեղադրանք առաջադրեց ապօրինի եկամուտների օրինականացման համար։ Դատախազությունը հայտնում էր, որ 2019-2021 թվականներին Ղարիբաշվիլին գաղտնի զբաղվել է բիզնեսով, ինչն օրենքով արգելված է պաշտոնյային։ Շուտով Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և Վրաստանի նախկին վարչապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց գրավը՝ մեկ միլիոն լարիի չափով։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) ավելի վաղ հայտնել է, որ տարբեր քրեական գործերի քննության շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ՊԱԾ նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի և այլ անձանց տներում ու բնակարաններում։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել է ավելի քան 7 միլիոն դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, թանկարժեք կտավներ, փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարքավորում։





























