Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին կասկածանքի մասին ծանուցում է տրամադրվել՝ մի քանի պատգամավորների կաշառելու փորձի համար։
«Տիմոշենկոյին հանձնվել է կասկածանքի մասին ծանուցում: Որակումը՝ 369-րդ հոդվածի 4-րդ մաս», - հայտնել են Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունից (ՄՀԴ)։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ հղում անելով Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին (ՈւԱՀԲ), հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը երեքշաբթի երեկոյան բացահայտել են կոռուպցիայի մեջ Գերագույն ռադայի խմբակցություններից մեկի ղեկավարի ներգրավվածությունը։
ՈւԱՀԲ-ի և ՄՀԴ-ի վարկածով՝ այս քաղաքական գործիչը պատգամավորներին կաշառք է առաջարկել այս կամ այն օրինագծերին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու համար։
Հունվարի 14-ի առավոտյան Տիմոշենկոն հաստատել է «Բատկիվշչինայի» գրասենյակում խուզարկությունների փաստը և հերքել «բոլոր աբսուրդային մեղադրանքները»։
«Ոչինչ չեն գտել, ուստի պարզապես վերցրել են իմ աշխատանքային հեռախոսները, խորհրդարանական փաստաթղթերը և անձնական խնայողությունները, որոնց մասին տեղեկատվությունն ամբողջությամբ արտացոլված է պաշտոնական հայտարարագրում։ Ես կատեգորիկ կերպով հերքում եմ բոլոր աբսուրդային մեղադրանքները։ Թվում է՝ ընտրությունները շատ ավելի մոտ են, քան թվում էր։ Եվ ինչ-որ մեկը որոշել է սկսել մրցակիցների «զտումը»։ Սա իմ դեմ ուղղված առաջին քաղաքական պատվերը չէ։ Հետապնդումներն ու ահաբեկչությունը տարիներ շարունակ իմ առօրյան են։ Ես վաղուց արդեն ոչնչից չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ ազնիվ եմ իմ, մարդկանց և Ուկրաինայի առջև», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիմոշենկոն։





























