Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին այսօր հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառով է նա կանչվել հարցաքննության։ ՔԿ–ից ևս այս հարցին պատասխան չտրվեց;
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին»։
Այս տեղեկություններին ի պատասխան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:
Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների...
Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:





























