Գերմանիան բաց է Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերությունների խորացման համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Բեռլինն ուշադիր հետևում է երկրում տիրող իրավիճակին, հայտնում է Reuters-ը։

«Գերմանիայի կառավարությունը, իհարկե, բաց է հարաբերությունների խորացման և Սիրիայի նոր կառավարության հետ նոր կյանք սկսելու համար»,- հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի կառավարության մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ Բեռլինն անընդհատ հետևում է վերջերս մահացու բախումների կիզակետ դարձած սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակին։ Բեռլինը նաև մշտական խորհրդակցությունների մեջ է Դամասկոսի հետ։

«Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ այն ստիպված ենք լինում վերանայել գրեթե ամեն օր,— չորեքշաբթի օրը հայտարարել է մամուլի քարտուղարը։— Ես չէի ցանկանա տվյալ պահին նոր գնահատական տալ կոնկրետ իրավիճակին։ Բայց կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք դա ավելի մանրամասն քննարկել առաջիկա օրերին»։

Գերմանական Bild թերթը, հղում անելով անվտանգության և կառավարության աղբյուրներին, երեքշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հաջորդ շաբաթ պետք է այցելի Բեռլին։