Եվրոպական խորհրդարանի առաջատար առևտրային օրենսդիրները չորեքշաբթի հետաձգել են Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի ընդունման վերաբերյալ որոշումը՝ Գրենլանդիան բռնակցման ենթարկելու Դոնալդ Թրամփի սպառնալիքի պատճառով, գրում է Politico-ն։
Եվրախորհրդարանի պատգամավորները պետք է քվեարկեին հունվարի 26-ին՝ ԱՄՆ արդյունաբերական ապրանքների վրա մաքսատուրքերի վերացման վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ անցյալ ամռանը Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի հիմնական դրույթը սահմանելու համար։
Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներից ոմանք, դժգոհ Թրամփի վարքագծից, չեն ցանկանում, որ քվեարկությունը շարունակվի, նման կերպ սառեցնելով մաքսատուրքերը վերացնելու որոշումը։ Հարցը քննարկող օրենսդիրների նիստում նրանք որոշել են ձգձգել՝ քվեարկությունը հետաձգելու կամ շարունակելու վերաբերյալ որոշումը՝ մինչև չորեքշաբթի ավելի ուշ Վաշինգտոնի, Նուուկի և Կոպենհագենի միջև նախատեսված կարևոր հանդիպումների արդյունքները։
«Մենք այսօր չենք կարողանում քվեարկության դնել համաձայնագիրը»,- պարբերականին հայտնել է Renew Europe լիբերալ կուսակցության առաջատար առևտրային օրենսդիր Կարին Կարլսբրոն՝ հավելելով, որ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ պարզաբանումը կարևոր է։
Քննարկումները կշարունակվեն հաջորդ չորեքշաբթի, նիստերի դահլիճից դուրս գալիս պարբերականին հայտնել է Միջազգային առևտրի կոմիտեի նախագահ Բերնդ Լանգեն։ Քաղաքական խմբերը տարբեր տեսակետներ ունեն այն հարցում, թե ինչպես արձագանքել Թրամփի՝ եվրոպական տարածքները բռնակցելու սպառնալիքներին։ Սոցիալիստներն ու դեմոկրատները, որոնց անդամ է Լանգեն, հակված են սառեցնել առևտրային համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը։





























