Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չորեքշաբթի երեկոյան ժամանել է Պեկին, սկսելով չորսօրյա այցը, որի նպատակն է վերականգնել երկու երկրների միջև խաթարված հարաբերությունները, քանի որ Կանադան ձգտում է զարգացնել կապերը Միացյալ Նահանգներից դուրս, հաղորդում է Associated Press-ը։
Սա կանադացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան գրեթե մեկ տասնամյակի ընթացքում։ Քարնին կհանդիպի վարչապետ Լի Ցյանի, կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործընկերոջ և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։
«Մենք 10 տարվա ընթացքում կկրկնապատկենք մեր առևտուրը Միացյալ Նահանգներից դուրս։ Դա նշանակում է, որ մենք գիտակցում ենք՝ համաշխարհային տնտեսական միջավայրը հիմնարար կերպով փոխվել է, և որ Կանադան պետք է դիվերսիֆիկացնի իր առևտրային գործընկերներին»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը, որը Պեկին է ժամանել Կանադայի վարչապետի հետ։
«Զրույցն արդյունավետ էր։ Բանակցությունները շարունակվում են,- ասել է Անանդը, երբ նրան հարցրել են՝ արդյոք նա լավատեսորե՞ն է տրամադրված կանոլայի մաքսատուրքերը նվազեցնելու գործարքի նկատմամբ։ -Վարչապետ Քարնին այստեղ է՝ Կանադա-Չինաստան հարաբերությունները վերակարգավորելու համար»։
Քարնին հոկտեմբերին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ Հարավային Կորեայում անցկացված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։
Քարնին կենտրոնացել է առևտրի վրա՝ Չինաստան կատարած այցը նկարագրելով որպես ամբողջ աշխարհում նոր գործընկերություններ հաստատելու ջանքերի մի մաս՝ Կանադայի ամերիկյան շուկայից տնտեսական կախվածությունը վերացնելու համար։
Կանադայի և Չինաստանի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվել է 2018 թվականի վերջին Միացյալ Նահանգների խնդրանքով չինացի տեխնոլոգիական ղեկավարի ձերբակալությամբ, իսկ վերջերս էլ այն սադրել է նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը, որը որոշել էր հետևել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրինակին և 2024 թվականին չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաների վրա 100% մաքսատուրք սահմանել, գրում է լրատվամիջոցը։
Չինաստանը հակադարձել է դրան, ինչպես նաև պողպատի և ալյումինի վրա 25% մաքսատուրքերի համար՝ կանադական արտահանման, ներառյալ՝ վայրի կաղամբի, ծովամթերքի և խոզի մսի վրա սեփական մաքսատուրքերը սահմանելով։





























