Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում  փոփոխություններ կատարեց  ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։

Ներկայացնելով հարցը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց. «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել են նախորդիվ 20 պայմանագիր՝ 88.3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով: Դրանից արդեն իսկ կառուցված է 23.5 հա ջերմատուն, որից միայն 2025 թվականին՝ 18.4 հա: Միայն 2025 թվականին նաև մեկնարկել է ևս 64.8 հա ջերմատան կառուցումը, և, մեր գնահատականներով, սրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, այս տարվա ընթացքում կշահագործվեն:

Ծրագրի շրջանակում տրամադրում ենք մինչև 15 մլրդ դրամի վարկեր՝ 1 հա և ավելի մակերեսով առաջադիմական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ կառուցելու համար: Վարկը տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով. մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակատարվել են ծրագրով նշված արդյունքային ցուցանիշները, մասնավորապես, 35 հա ամբողջ ծրագրի շրջանակի համար, 2025 թվականի հոկտեմբերին ծրագրում կատարել ենք որոշակի փոփոխություններ, և նոր ծրագրով առաջարկում ենք հետևյալ վարկային տոկոսադրույքները. մինչև 3 մլրդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով՝ ստանդարտ պայմանագրերի դեպքում, 3 միլիարդից ավելի մինչև 9 մլրդ վարկի դեպքում՝ 7 տոկոսային կետով, այսինքն՝ օրինակ, վերցրեց 9 մլրդ՝ առաջին 3 միլիարդը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով, մնացած 6 միլիարդը՝ 7 տոկոսային կետով:

9 մլրդ դրամից ավելի հատվածը՝ մինչև 15 մլրդ դրամ՝ 6 տոկոսային կետով: Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի շրջանակում երիտասարդ տնտեսվարողներին և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելուն: Այս պարագայում մենք առաջարկում ենք տոկոսային կետերը մեկական տոկոսային կետով ավելացնել: Օրինակ՝ եթե մարդը 64, 65 տարեկան է և ուզում է ջերմատնային տնտեսություն ունենալ, 9 տոկոսային կետով ենք իր վարկը սուբսիդավորում, նաև, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների նվազման միտում, հաճախ բավականին մեծ:

Սա ասում է, որ Կառավարությունը տոկոսադրույքների շատ մեծ մասը փոխհատուցում է: Նույնը 3 մլրդ-ից մինչև 9 մլրդ դրամ 8 տոկոսային կետն ենք փոխհատուցելու, 9 միլիարդից ավելի հատվածի համար՝ մինչև 15 մլրդ-ը, 7 տոկոսային կետը: Կառավարության ծրագրում նախանշված բոլոր ցուցանիշները գերակատարված են, բայց շարունակելու ենք ծրագիրը, որ ավելի լավ արդյունքներ ստանանք»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արտահանման մեծ աճ է արձանագրվել:

«Այս իմաստով ես կարծում եմ՝ այս ծրագիրը բոլոր մեր ֆունդամենտալ նպատակները սպասարկում է՝ արտահանում, կրթություն, որովհետև, այնուամենայնիվ, այս տնտեսությունը կառավարելը ենթադրում է հատուկ և բարձր որակի կրթություն, էներգախնայողություն, նոր տեխնոլոգիաներ: Ես կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խթանենք: Այս ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը ես գնահատում եմ շատ բարձր»։

Նաև աշխատատեղեր ստեղծող է: Միջինում 12 անձ է աշխատում մեկ հեկտար ջերմատանը, և, ըստ էության, ամեն հեկտարը, որ ստեղծում ենք, այդքան աշխատատեղ է ապահովում: Մենք ականջալուր ենք այն հանձնարարականին, որ անընդհատ պետք է պարզեցնենք»,–ասաց նա։