ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ է մտել լրագրողի հետ, երբ վերջինս կոչ է արել նրան ներկայացնել այն իրավական նորմերը, որոնց համաձայն նա ստանձնել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխիչի դերը։

Փաշինյանի խոսքով՝ վարչապետը պարտավոր է անդրադառնալ Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներին։ «Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին – խմբ.), նրա գործունեությունը և նրա եղբայրը, որը ԿԳԲ-ի գործակալ է, սպառնալիք են ներկայացնում Հայաստանի անվտանգությանը», - նշել է նա։

Այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ քրեական գործ չի հարուցվում, նա լրագրողին հորդորել է իրեն հանգիստ պահել և ձեռքերով շարժումներ չանել։ «Դուք ինձ հնարավորություն չեք տալիս՝ պատասխանել Ձեր հարցին։ Հանգիստ պահեք Ձեզ», - նշել է Փաշինյանը, մյուս լրագրողներին հարցնելով, թե արդյոք նրանք պատրաստվում են զբաղվել «այդ հարցերով»։  Որոշ ժամանակ անց նա լրագրողին ասել է՝ «Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պա՞րզ ա»։

Նա ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ որևէ մեկը, այդ թվում՝ լրագրողը, կգործի լեգիտիմության տրամաբանության մեջ, տվյալ անձը չի բախվի խոչընդոտների, քանի որ Հայաստանում, նրա համոզմամբ, գործում է խոսքի ազատություն և ԶԼՄ-ների ազատ գործունեության հնարավորությունն իշխանությունների համար կարևոր հանգամանք է։

Վարչապետն իրեն անվանել է Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ ներկայացուցիչ։ Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող ժողովրդի կողմից ընտրված Հայաստանի վարչապետին ասել, թե Հայաստանի տարածքում նա ուր գնա կամ ուր չգնա։

Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե շատերը հարում են այն տեսակետին, որ նա իր ներկայությամբ պատարագի ժամանակ պղծում է եկեղեցիները։