Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի իշխանություններն անհաջող են ճանաչել Կանադայում արգելված թմրամիջոցների օգտագործման և պահման ապաքրեականացման փորձը և այլևս չեն երկարաձգելու համապատասխան ծրագիրը։ Այս մասին հայտնել է «The Globe and Mail» թերթը։
Ինչպես նշել է տարածաշրջանի առողջապահության նախարար Ջոզի Օսբորնը, «այս պիլոտային նախագիծը չի բերել այն արդյունքները, որոնց մենք հույս ունեինք հասնել»։ Նա որևէ մանրամասն չի ներկայացրել։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իշխանություններն ավելի ուշ կհրապարակեն ծրագրի արդյունքների մասին մանրամասն զեկույցը։
Փորձը սկսվել է 2023 թվականի հունվարի 31-ին և կավարտվի 2026 թվականի հունվարի վերջին։ Երեք տարի առաջ Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները դիմել են այդ քայլին՝ տեղի բնակչության շրջանում թմրամոլության դեմ պայքարելու համար։ Այն ժամանակ նրանց ակտիվորեն աջակցում էին դաշնային իշխանությունները և նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն (2015-2025), ով 2018 թվականին Կանադայի ողջ տարածքում օրինականացրել էր մարիխուանայի օգտագործումը։ Ենթադրվում է, որ հաջողության դեպքում այս նախագիծը կարող էր տարածվել նաև երկրի այլ տարածաշրջանների վրա։
Փորձի էությունը կայանում է նրանում, որ Բրիտանական Կոլումբիայի 18 տարեկանից բարձր բնակիչները կարող էին, առանց օրենքը խախտելու, անձնական նպատակներով պահել մինչև 2,5 գրամ այնպիսի թմրամիջոցներ, ինչպիսիք են օփիոիդները, կոկաինը, էքստազին և մետամֆետամինը: Ընդ որում, այդ թմրամիջոցների օգտագործումն արգելված է եղել ուսումնական հաստատությունների տարածքում, մանկական հիմնարկներում, օդանավակայաններում, գետային և ծովային նավահանգիստներում: Սակայն, ինչպես նշում է «The Globe and Mail»-ը, շատ արագ ոստիկանությունը սկսել է բողոքներ ստանալ հանրային վայրերում թմրանյութերի զանգվածային օգտագործման վերաբերյալ և բացի այդ, չի ավելացել նաև այն թմրամոլների թիվը, ովքեր, ինչպես ենթադրվում էր, պետք է դիմեին իշխանություններին՝ բժշկական օգնություն ստանալու համար:





























