Ներկայում Հայաստանում անհետ կորած անձանց հետ կապված հարցն օրենսդրական մակարդակով կարգավորված չէ։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հունվարի 15-ին պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագծի եւ կից օրենքների փոփոխությունների քննարկման ժամանակ։
Նախարարը նշել է, որ այս հարցերը մասամբ կարգավորված են, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի շրջանակում («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «ՀՀ պաշտպանության ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքներ, ինչպես նաեւ կառավարության տարբեր որոշումներ եւ պաշտպանության նախարարի հրաման)։
«Այս իրավական նորմերը միայն մակերեսորեն են անդրադառնում քննարկվող իրավական հարաբերություններին»,- ասել է Գալյանը։ Ավելին, կառավարության ներկայացուցչի խոսքով, վերոնշյալ իրավական ակտերի տարբեր դրույթներ հիմնականում որոշում են անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների որոշակի սոցիալական աջակցության իրավունքը։
«Տարբեր իրավական ակտերում հղումներ կան անհետ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին, սակայն այդ դրույթները թերի են։ Շատ դեպքերում դրանք պարունակում են միայն հղումներ այլ օրենքներին։ Հաշվի առնելով գործող կարգավորումների թերությունները՝ հավանական շահառուների համար հաճախ դժվար է նույնիսկ տեղեկատվություն ստանալ որոշակի սոցիալական երաշխիքի կամ նպաստի, ինչպես նաեւ դրա տրամադրման ընթացակարգերի մասին։ Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել առանձին իրավական ակտ»,- նշել է արդարադատության նախարարը։
Մասնավորապես, առաջարկվում է զինծառայողին կամ կամավորին համարել անհետ կորած՝ անկախ քաղաքացիությունից.
ռազմական գործողությւոնների պայմաններում,
մարտական հերթապահությւոն իրականացնելիս,
հատուկ առաջադրանքների կատարման ժամանակ հակառակորդի հետ շփման գծում,
հայտարարված հրադադարի ժամանակ,
ռազմական գործողություններից հետո խաղաղ ժամանակ վեց ամսվա ընթացքում։
Անհետ կորած անձի մասին հայտարարությունը պետք է ներկայացվի անհետ կորած անձի մասին վերջին տեղեկությունները ստանալուց հետո 72 ժամվա ընթացքում: Անհետ կորած անձի ընտանիքի անդամներ կհամարվեն նրա ամուսինը, կինը, զավակը, ծնողը, պապիկը, թոռը, եղբայրը կամ քույրը:
Ներկայացված հայտարարության հիման վրա պետք է սկսվեն որոնողական աշխատանքները, որոնց մասին տեղեկատվությունը լիազոր մարմնին կներկայացվի յուրաքանչյուր 15 օրը մեկ: Փաստաթուղթը նախատեսում է անհետ կորած անձի ընտանիքի անդամների համար ինչպես ֆինանսական օգնություն, այնպես էլ բարոյահոգեբանական աջակցություն:
«Այս օրենսդրական փաթեթը նախատեսում է անհետ կորած անձանց միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում, որը կպարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Դիմորդը կլինի այն անձը, որը կներկայացնի այն անձի որոնման մասին հայտարարություն, որի ճակատագիրը եւ գտնվելու վայրը անհայտ են»,- ավելացրել է Գալյանը:
Սոցիալական աջակցության շահառուն կլինի այն անձը, ով իրավունք ունի ստանալ փոխհատուցում եւ օգնություն պետությունից: Անհետ կորած անձանց որոնման լիազոր մարմինը կլինի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
Որոշակի քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական կարծիքը:




























