Մոսկվայում դեռահասի ինքնասպանության նոր դեպք է գրանցվել, ընդ որում` նույն միջոցով, որով նախօրեին կյանքին վերջ էին տվել երկու դպրոցական աղջիկները: 14-ամյա Սաշա Ֆիլիպեւը ցած է նետվել 17-րդ հարկի բնակարանի պատուհանից` մահից առաջ գրություն թողնելով:

Դրանում նա գրել է, որ բոլորին սիրում է, ներողություն է խնդրում ծնողներից, բայց ցանկանում է իմանալ, թե ինչ կլինի մահից հետո: Իր ուղերձի վերջում դպրոցականը հավելել է. «Դա դուք ինձ արգելել չեք կարող»:

Մայրաքաղաքի իրավապահ մարմինները չեն բացառում, որ տղայի ճակատագրական քայլի պատճառ կարող էր դառնալ լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանված 14-ամյա Նաստյա Կորոլեւայի եւ Լիզա Պեցիլի ինքնասպանությունը Մերձմոսկվայում: Աղջիկների ինքնասպանության պատճառները առաջվա նման անհայտ են: Պարզվել է, որ նրանցից մեկը նախկինում երեք անգամ ինքնասպանության փորձ է արել:

Ոստիկանությունը պարզել է, որ Սաշա Ֆիլիպեւը իբրեւ թե գողացել է դասընկերուհու լուսանկարչական սարքը, նրա հորը հայտնել են այդ մասին, որն էլ որդուց բացատրություն է պահանջել: Զրույցից հետո դեռահասը պատուհանից ցած է նետվել: Սակայն դպրոցում այդ վարկածը հերքել են:

Սաշան վերջին ժամանակներս բնակվել է հոր եւ խորթ մոր հետ. Ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել երկու ամիս առաջ: Տղայի մայրը բնակվում է Յարոսլավլում: Նախնական տվյալներով` դեռահասի ծնողները ամուսնալուծվել են կնոջ հարբեցողության պատճառով, գրում է NEWSru.com-ը: